Ֆիլ Նայթի և նրա բիզնեսի կայացման ինքնատիպ ճանապարհը
04.02.2020 | 01:07
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել «Նայքի» հիմնադիր Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը, որը հայերեն է թարգմանել լրագրող, PR մասնագետ ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: «Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորաոճ մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը»,- ասում է Ռոզա Գրիգորյանը:
-Մեր ընթերցողն ի՞նչ գիտի Ֆիլ Նայթի մասին, և ի՞նչ է իմանալու՝ կարդալով այս գիրքը:
-Կարծում եմ՝ մեր ընթերցողը Ֆիլ Նայթի մասին շատ բան չգիտեր: Հավանաբար, տեղյակ էր, որ Նայթը «Նայքի» ստեղծողն է և դրանով ամեն ինչ սահմանափակվել է: Կարդալով այս գիրքը՝ մեր ընթերցողը կբացահայտի, թե ինչ ֆենոմենալ մարդ է այս ամերիկացի բիզնեսմենը: Նայթն այսօր աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ ինքն իրեն թույլ տալ «Ադիդաս» գնելու շքեղությունը: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր նրա ստեղծած ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Հայ ընթերցողը կբացահայտի Ֆիլ Նայթի և նրա բիզնեսի կայացման ինքնատիպ ճանապարհը, կոգեշնչվի՝ կարդալով գործարարի մտքերն ու խորհուրդները:
-«Նայքն» ամենաճանաչված համաշխարհային ապրանքանիշն է: Ընթերցողներին գրավելու է նաև այս փաստը: Միաժամանակ աճելու է հետաքրքրությունն այս ապրանքանիշի հանդեպ: Այստեղ կարծես երկկողմանի գովազդ կա: Կա՞ նման փորձ աշխարհում, հատուկ միտում՝ գրահրատարակչական բիզնեսը կապել բիզնեսի այլ տեսակներին:
-Նայթի՝ այս գիրքը գրելու քայլը երկակի կարող է մեկնաբանվել: Նախ՝ կիսել սեփական փորձը, ոգեշնչել մարդկանց, մյուս կողմից էլ՝ գովազդել ապրանքանիշը, առավել մեծ հետաքրքրություն առաջացնել «Նայքի» նկատմամբ: Շատ բրենդների հեղինակներ են այդպես վարվում, բայց միշտ չէ, որ կարողանում են իրենց բրենդի ստեղծման պատմությունը նման հրաշալի ձևով ներկայացնել, ինչպես Ֆիլ Նայթն է արել:
Հավելեմ, որ գիրքը միայն «Նայքի» մասին չէ, ոչ միայն ներկայացնում է այս բրենդի հաջողության պատմությունը, այլև այն ստեղծողի յուրահատուկ խոստովանությունն է. Ֆիլ Նայթը շատ փակ մարդ է եղել, հազվադեպ է հարցազրույցներ տվել, և այս առումով «Կոշկավաճառը» նոր բացահայտումների յուրատեսակ աղբյուր է:
-Ո՞րն է գրքի հաջողության գաղտնիքը՝ գեղարվեստական արժե՞քը, բիզնես գաղտնիքնե՞րը, թե՞ Նայթ-առեղծվածի բացահայտումը:
-Ամեն ինչից՝ մի քիչ: Գրքի գեղարվեստական արժեքը, ներկայացվող բիզնես գաղտնիքները, մոտիվացիոն մտքերը, ստեղծագործության ամբողջականությունը, հերոսների ինքնատիպությունն ու բացառիկությունը խճանկարն ամբողջական ու գեղեցիկ են դարձրել: Ամեն անգամ, երբ գրքից հատվածներ եմ ուզում հրապարակել, չեմ կողմնորոշվում՝ որը ներկայացնել, որովհետև գրեթե ամեն էջում ինչ-որ յուրահատուկ ու հետաքրքիր միտք կա:
-Ե՞րբ և որտե՞ղ է գիրքն առաջին անգամ լույս տեսել և ի՞նչ արձագանք է գտել:
-Գիրքը լույս է տեսել ԱՄՆ-ում 2016 թվականի ապրիլի 26-ին՝ Simon & Schuster-ի կողմից, և միանգամից մեծ հետաքրքրություն առաջացրել: 2016-ի տվյալներով՝ այն աշխարհի ամենաշատ վաճառված գրքերից է, «Նյու Յորք Թայմսի» բեսթսելեր: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող ՈՒորեն Բաֆետը գրքի մասին ասել է. «Նախորդ տարվա կարդացածս ամենալավ գիրքը Ֆիլ Նայթի «Կոշկավաճառն» է: Ֆիլը շատ իմաստուն, խելացի և մրցունակ անձնավորություն է. նա պատմելու շնորհ ունի»: Ամերիկացի բիզնես մագնատ, ծրագրավորող, բարերար, «Մայքրոսոֆթի» նախկին գործադիր տնօրեն ներկայիս նախագահ Բիլ Գեյթսն էլ նշել է. ««Կոշկավաճառը» 2016 թվականի իմ ամենասիրելի հինգ գրքերից մեկն է: Զարմանալի պատմություն, ազնիվ հիշեցում այն մասին, թե ինչպիսին է իրականում հաջողության ուղին բիզնեսում: Այն խառնաշփոթ, վտանգավոր և քաոսային ճանապարհորդություն է, որը զուգորդվում է սխալներով, անվերջ պայքարով և զոհողություններով: Ֆիլ Նայթը գործադիր տնօրեններին քիչ բնորոշ բացառիկ բացահայտումներ է անում»:
-Այս գիրքը, որպես բիզնես դասագիրք, ավելի շատ ուղղված է գործարարների՞ն, թե՞ հանրության լայն շրջանակներին։
-Գիրքն ուղղված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինչ-որ բան ձեռնարկել, ինչպես Ֆիլ Նայթն է ասում՝ իրենց հետքը թողնել այս աշխարհում, չպարտվել: Գիրքն ուղղված է նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են ոգեշնչվել և պատրաստ են ոգեշնչելու:
-Ի՞նչն էր դժվար Ձեզ համար այս գիրքը թարգմանելիս, ի՞նչը՝ հեշտ ու գրավիչ:
-Ամենադժվարը հանգիստ նստելն ու կենտրոնանալն էր: Բնավորությամբ անհանգիստ մարդ եմ, չեմ սիրում պարզապես հանգիստ նստել, միշտ սիրում եմ շարժման մեջ լինել: Օրեր են եղել, որ պարզապես չեմ կարողացել ինքս ինձ համոզել նստել և ընդամենը մեկ էջ եմ թարգմանել, օրեր են եղել, որ միանգամից 10 էջ է հաջողվել թարգմանել: Ամենագրավիչը, իհարկե, պատմությունն էր, որն ինձ ցնցեց ու պարզապես հիացրեց:
-Դուք սինխրոն թարգմանություններ եք անում, ավելի դժվար է բանավո՞ր խոսքը փոխանցելը, թե՞ գրավոր:
-Երկու դեպքում էլ բարդություններ կան, բայց գրավորի դեպքում մեկ առավելություն կա՝ կարող ես վերադառնալ տեքստին և ուղղել սխալդ, իսկ սինխրոնի դեպքում արդեն սխալվել ես, ու բոլորը տեսել են կամ լսել: Ամեն դեպքում, ինքս ավելի շատ գրավոր թարգմանություններն եմ սիրում:
-Արդեն կա՞ արձագանք ընթերցողների շրջանում, և առհասարակ, նման գրականությունն ի՞նչ պահանջարկ ունի, վաճառքի ի՞նչ ցուցանիշներ կան:
-Այնքան եմ ուրախանում, որ թե՛ իմ անձնական, թե՛ հրատարակչության էջին պարբերաբար գրում են՝ հարցնելով, թե երբ է, ի վերջո, գիրքը լույս տեսնելու: Գրքի արշավը միտումնավոր շուտ եմ սկսել՝ փորձել եմ հետաքրքրություն սերմանել: Իմ կարծիքով՝ այս գիրքը պարզապես չի կարելի չկարդալ, այն բացառիկ է: Առհասարակ, պետք է ասեմ, որ մոտիվացիոն գրականությունը Հայաստանում մեծ պահանջարկ ունի, մարդիկ ցանկանում են կարդալ հաջողակների հաջողության պատմությունները, սովորել նրանցից ինչ-որ բան: Եվ սա շատ լավ միտում է:
-Գիրքը պաշտոնապես ե՞րբ կներկայացվի ընթերցողին: Ենթադրում եմ՝ գրքի շնորհանդեսը համահունչ է լինելու բովանդակությանը:
-Գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին՝ «Դալմա Գարդեն մոլի» «Նայք» ընկերության խանութ-սրահում: Ի սկզբանե իմ գաղափարն է եղել, որ շնորհանդեսը հենց այստեղ արվի, և ուրախ եմ, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղը համաձայնեց համագործակցելու: Մուտքը լինելու է մարզակոշիկներով կամ, եթե անձը չի սիրում մարզակոշիկ կրել, գոնե մարզական ոգով մասնակցի: Հետաքրքիր շնորհանդես եմ խոստանում, որը վարելու եմ մարզական հագուստով: Իսկ դուք երբևէ ականատես եղե՞լ եք որևէ շնորհանդեսի, որը վարում են մարզական հագուստով: Ես, համենայն դեպս, նման բան դեռ չեմ տեսել: Եվ ուզում եմ, որ այս շնորհանդեսը մի փոքր խենթություն պարունակի, ինչպես և Ֆիլ Նայթի խելագար գաղափարն էր...
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ